Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք․Ձևավորող գնահատումը՝ կրտսեր դպրոցականի զարգացման խթան 

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

  ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Ձևավորող գնահատումը՝ կրտսեր դպրոցականի զարգացման խթան

Կատարող՝ Մանուշակ Աբրահամյան

Դասավանդած առարկան՝ դասվարություն

Խորհրդատու՝ Գևորգ Հակոբյան

2022

Բովանդակություն

  1. Ներածություն
  2. Ի՞նչ է գնահատումը
  3. Գնահատման ձևերը
  4. Ի՞նչ է ձևավորող գնահատումը
  5. Ձևավորող գնահատման բաղադրիչները
  6. Գնահատումը «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրում
  7. Ձևավորող գնահատման գործիքները, հնարները «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրում
  8. Հետազոտական մաս
  9. Եզրակացություն

Ներածություն

Ըստ ամերիկացի փիլիսոփա և հոգեբան Ուիլյամ Ջեյմսի «Մարդկային էության ամենախոր բնութագիրը գնահատված լինելու ցանկությունն է»։ Այս ձևակերպման հետ դժվար է չհամաձայնել։ Բոլորն էլ գնահատված լինելու ցանկություն ունեն, անկախ տարիքից և սեռից, անկախ հնարավորություններից։ Գնահատման գործընթացն անընդհատ է։ Գնահատումը սովորողների ուսումնական գործունեության արդյունքների՝ գիտելիքների, կարողությունների, հմտությունների, ակտիվության, ինքնուրույնության, զարգացվածության, վարքի արժևորումն է։ Այն ուսուցման գործընթացում վերահսկողությունն իրականացնող կարևոր բաղադրիչ է, որը ապահովում է ուսուցիչ-սովորող հետադարձ կապը և հանդես է գալիս որպես ուսումնադաստիարակչական գործընթացի շտկման և կարգավորման միջոց։ Մեր՝ ուսուցիչներիս ամենագլխավոր նպատակը մեր երեխաներին ինքնուրույն, ստեղծագործ և հաջողակ դարձնելն է։ Հազարամյակներ են անցել այն պահից, երբ հին հույները հռչակեցին «Դասավանդի՛ր ոչ թե դպրոցի, այլ կյանքի համար» կարգախոսը։ Իմ կարծիքով թեման ոչ միայն արդիական, այլև բարդ մանկավարժական խնդիր է։  21-րդ դարի արագընթաց փոփոխությունները, տեղեկատվության ծավալի բազմապատկումը, հասարակության վերաբերմունքը հանրակրթության, կրթության խնդիրների, ընդհանրապես` գիտելիքի վերաբերյալ անխուսափելի են դարձնում բարեփոխումներ անելու նաև կրթական գործընթացում։ Եթե նախկինում սովորողը գնահատական էր ստանում սովորած կոնկրետ դասի, կատարած առաջադրանքների և որոշակի քանակով արված վարժությունների համար, ապա այսօր նման գնահատումը միտում ունի դուրս մղվելու. այն այլևս արդիական չէ: Գնահատանիշը կորցրել և շարունակելու է կորցնել իր ուժը, որովհետև հասարակությանն այլևս պետք չեն բարձր գնահատականներով շրջանավարտներ. այսօր աշխատաշուկան իր պահանջներն ունի, որոնք միանգամայն այլ են:

Ըստ հանրակրթության պետական չափորոշիչի վերջին փոփոխությունների 1-4-րդ դասարաններում թվանշանային գնահատական չի դրվում: Օգտագործվում է ձևավորող գնահատման ձևը:

Հետազոտական աշխատանքի նպատակն է ՝ ներկայացնել, թե ի՞նչ է ձևավորող գնահատումը, ի՞նչ բաղադրիչներ ունի, ինչպիսի՞ գործիքներ և մեթոդական հնարքներ են կիրառվում սովորողի առաջադիմությունը խթանելու համար։

Քանի որ հիմքում հեղինակային մանկավարժությունն է, կփորձեմ ներկայացնել նաև, թե ինչպես է կազմակերպվում ձևավորող գնահատման գործընթացը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրում։

Հետազոտական աշխատանքի ընթացքում ուսումնասիրել եմ և՛«Դպիր» մանկավարժական հանդեսում հրապարակված մեթոդական հոդվածներն ու մշակումները, և՛«ԿԶՆԱԿ» հիմանադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի ներկայացված մշակումները, և՛ թեմային առնչվող օտարալեզու նյութեր, որոնք ներկայացրել եմ օգտագործված գրականություն ցանկում։

Գնահատում

Ի՞նչ է գնահատումը

Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է։Այն օգնում է պարզել յուրաքանչյուր սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակը, ինչպես նաև ստանալ դպրոցի կողմից առարկայական ու դպրոցական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարման ամբողջական պատկերը։ «Գնահատում» բառը կրթական համատեքստում կիրառության մեջ մտել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Կրթական գնահատումը լայն հասկացություն է, որը նկարագրում է ցանկացած գործունեություն, որը կարող է տեղի ունենալ սովորողի կամ սովորողների գիտելիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Նոր մոտեցումներով գնահատումը, ոչ միայն սովորողի առաջադիմության փաստագրումն է, այլև ուսուցման ընթացքի խթանման կարգավորման, վերհսկման և բարելավման մեխանիզմ։

Ինչո՞ւ և ի՞նչն են գնահատում

Գնահատումը սովորողին ոգևորելու, առաջ մղելու, ուսումնական գործընթացը վերահսկելու, բարելավելու միջոց է։

Գնահատման համակարգը պետք ներառի միջոցներ, որոնք կգնահատեն․

  • Գիտելիքներ
  • Հմտություններ
  • Դիրքորոշում
  • Արժեքներ

Ու՞մ և ինչի՞ն պետք է ծառայի գնահատումը

Սովորողի համար գնահատականը պետք է խրախուսի, արձանագրի աճը, ուժեղ և թույլ կողմերը, հաջողություններն ու վրիպումները։ Սովորողին ուղղված գնահատականը պետք է վերաբերի նրա կոնկրետ գործողություններին, արարքներին, գործունեության արդյունքներին, այլ ոչ թե անձին։

Ուսուցչի համար այն պետք է աշխատանքը պլանավորելու, փոփոխություններն արձանագրելու, նպատակին հասնելու աստիճանը պարզելու, արդյունքը փաստելու միջոց լինի։

Ծնողի համար այն պետք է երեխայի առաջընթացն արձանագրելու, ինչպես նաև դաստիարակության ձևերի շուրջ մտորելու, դրանք ավելի ճկուն և բազմազան դարձնելու միջոց հանդիսանա։

Այլոց՝ շահագրգիռ կամ հետաքրքրված անձանց համար (մանկավարժական անձնակազմ և այլն) ուսումնական նյութի ազդեցությունը տեսնելու, երեխայի մասին տեղեկություններ ունենալու միջոց լինի։

Ե՞րբ և ինչպե՞ս են գնահատում

Գնահատումն անընդհատ գործընթաց է։ Ըստ ուսումնական գործընթացի նպատակի կիրառվում է․

  • նախնական գնահատում՝ բացահայտվում է սովորողների պատրաստվածության աստիճանը, որն էլ օգնում է պլանավորել ուսուցման հետագա գործընթացը
  • ընթացիկ գնահատում՝ ստուգվում է ուսումնական նյութի առանձին միավորի կամ դրա մի մասի յուրացման աստիճանը
  • ամփոփիչ գնահատում՝ ստուգվում է ամբողջական թեմայի, դասընթացի առարկայի յուրացման աստիճանը
  • պարտադիր ամփոփիչ գնահատում՝ ստուգվում են հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտի ուսումնական գործունեության արդյունքները։

Ընթացիկ և ամփոփիչ գնահատումները կիրառվում են նաև սովորողի ուսումնական գործունեության արդյունքը որակավորելու և դպրոցի մի աստիճանից մյուսին անցումն ապահովելու համար։

  Գնահատման ձևերը

Ներքին և արտաքին գնահատումներ

Արտաքին գնահատումը թվանշանային (միավորային) է և կատարվում է ըստ ԳԹԿ-ի կազմած հարցաշարերի (օրինակ՝ 9-րդ դասարանների ավարտական քննությունների հարցաշարերը, 12-րդ դասարանների ավարտական քննությունների հարցաշարերը)։

Ներքին գնահատում իրականացնողն ուսուցիչն է՝ գնահատում է ըստ իր ուսուցանած թեմաների, լեզվական կառուցվածքների, իրականացրած նախագծերի, քննարկումների և բանավեճերի մասնակցության։

Գոյություն ունեն ներքին գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ միավորային (քանակական) և ձևավորող (բնութագրող)։

Ըստ հանրակրթության պետական չափորոշիչի 1-4-րդ դասարաններում միավորային գնահատում չի կիրառվում: Օգտագործվում է ձևավորող գնահատման ձևը:

5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից արդեն կարելի է կիրառել ընթացիկ միավորային (քանակական) գնահատականներ 10 միավորային համակարգով:

Միավորային գնահատման նպատակն է՝ յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումների մակարդակն արտահայտել միավորներով, պարզել ոչ միայն սովորողի ուսումնական ձեռքբերումների աստիճանը, այլև համեմատել տարբեր սովորողների արդյունքները, ունի վերահսկող դեր:

Ձևավորող գնահատման նպատակն է՝ պարզել ուսուցանվող նյութի վերաբերյալ յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, հաջողությունները, խնդիրներն ու դժվարությունները և օգնել նրան հաղթահարելու դրանք՝ բարելավելով ուսուցման որակը։

Ի՞նչ է ձևավորող գնահատումը

  • Ուսուցչին հնարավորություն է տալիս պարզելու յուաքանչյուր սովորողի և ամբողջ դասարանի ձեռքբերումները, դժվարությունները։
  • Ապահովում է հետադարձ կապն ուսումնական գործընթացում, որի արդյունքների հիման վրա իրականացվում է աշխատանքներ յուրաքանչյուր սովորողի և ամբողջ դասարանի առաջադիմության բարելավման ուղղությամբ։
  • Կարող է իրականացվել թեստերի, բանավոր հարցումների, գործնական, տնային աշխատանքների միջոցով։
  • Ձևավորող գնահատման ժամանակ օգտագործվում են սովորողի առաջընթացը բնութագրող որակումներ, վերլուծություններ և մեկնաբանություններ։

Միավորային գնահատման և ձևավորող գնահատման համեմատություն

  Միավորային գնահատում Ձևավորող գնահատում
Իրականացվում է ուսուցման փուլի ավարտին ողջ ուսուցման ընթացքում
Գնահատում է բացառապես ուսուցիչը գնահատմանը մասնակցում են, թե ուսուցիչը, թե սովորողը։
Արդյունքում տրվում է առաջադիմության թերթիկ տրվում է սովորողի բնութագիրը
Ամրագրում, բացահայտում է ամրագրում է ուսուցման փուլի արդյունքը բացահայտում է սովորողի ուժեղ և թույլ կողմերը, բարելավում է ուսումնառության գործընթացը
Գնահատվում է 1-10 հաստատուն սանդղակով տարբեր ձևավորող գնահատման գործիքներով

 

Այդուհանդերձ ձևավորող գնահատման կիրառման հետ որոշ թյուրընկալումներ կան։ Հաճախ մանկավարժները բավարար պատկերացում չունենալով կամ ծանրաբեռնվածության պատճառով գնահատման այս տարբերակի մասին խուսափում են ժամանակ և ջանք տրամադրել, մտածում են, որ մինչև այժմ ունեցածն էլ վատը չէ։ Նրանց կարծիքով գործընթացը դժվար վերահսկելի է, չի ապահովում մրցակցությունը և սովորողների մոտիվացիան։

 

Ձևավորող գնահատման բաղադրիչները

Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում։

  1. Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:
  2. Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:
  3. Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:
  4. Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:
  5. Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում:

Այս բոլորի բաղադրիչների կիրառման դեպքում անխուսափելի է ուսումնառության գործընթացի բարելավումը և սովորողների մոտիվացիան։

Ձևավորող գնահատումը պետք է իրագործել հետևյալ քայլաշարով

  • Նախնական հայտորոշում․ Պետք է պարզել, թե որտե՞ղ է գտնվում սովորողը։ Իմացության և գիտելիքների, հմտությունների ի՞նչ մակարդակում է գտնվում և թե՞ որտեղից է պետք սկսել ուսումնառության գործընթացը։
  • Ընթացիկ հայտորոշումներ Հետադարձ կապի, փոքրիկ թեստերի, տարբեր հարցումների միջոցով պարզելու համար, թե՞ ինչ բացթողումներ և ձեռքբերումներ ունեն սովորողները և թե՞ ինչ ուղղությամբ է պետք բարելավել ուսուցման գործընթացը։

Ի՞նչ պետք է անել, որպեսզի ձևավորող գնահատումը հաջողվի, արդյունավետ դառնա

  • Պետք է փոխել մանկավարժների և ծնողների ընկալումը ձևավորվող գնահատման վերաբերյալ։
  • Պետք է բարձրացնել ուսուցիչների մոտիվացիան և զարգացնել կարողությունը ձևավորող գնահատման նյութեր կազմելու ու կիրառելու համար։
  • Պետք է փոխել սովորողների վերաբերմունքը ձևավորող գնահատման նկատմամբ։
  • Պետք է խրախուսել սովորողների ներգրավվածությունը ձևավորող գնահատման գործընթացում։
  • Պետք է ոչ միավորային գնահատման արդյունքների ներկայացման ձևեր մշակել։

Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:

Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը: Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի ձևակերպումն է:

Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛ ուսուցչի և՛ սովորողի ողջ գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի իրագործմանը: Նպատակով են պայմանավորվում դասի ընթացքը, մեթոդների, միջոցների ու գնահատման ընտրությունը:

Յուրաքանչյուր դասին ուսուցչի համար կարևոր է խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Որքանո՞վ են սովորողները հասկացել անցած նյութը:
  • Ինչպե՞ս կարող եմ ստուգել:
  • Ո՞ր առաջադրանքն էր դժվար սովորողների համար:
  • Եթե առաջադրանքը դժվարություն է առաջացրել, ապա ի՞նչ պետք է փոխել դասավանդման մեթոդներում:

Գոյություն ունեն սովորողների ակտիվության մի քանի ուղղություններ.

  • ուսուցման նպատակների և արդյունքների ընկալում,
  • սովորողների կողմից գնահատման չափանիշների ընկալում,
  • ուսուցչի կողմից համապատասխան հնարների կիրառում:

Դասի նպատակի ընկալումը թույլ է տալիս սովորողին դառնալ գործընթացի կազմակերպման գործուն մասնակիցը: Վերջնարդյունքները ևս պետք է հասկանալի լինեն սովորողներին՝ նրանց դարձնելով գնահատման չափանիշների մշակման մասնակից: Նպատակներն ու ակնկալվող արդյունքները պետք է ակնառու ներկայացված լինեն, որպեսզի ուսուցիչն ու սովորողները հնարավորություն ունենան անդրադառնալու դրանց և ստուգելու իրենց ձեռքբերումները:

Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին։

 

Գնահատումը «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրված, նախագծային ուսուցում։

Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցը։

Ծրագիրն իրականացնում է դպրոցականի (այսուհետև՝ սովորող) ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում, միջավայրում, համապատասխան բովանդակությամբ և գործունեություններով՝ ապահովելով սովորողի ուսումնառության բնականոն ընթացքը՝ նրա անհատական զարգացման առանձնահատկություններին համապատասխան։

Ծրագրի նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է: Ծրագիրն ապահովում է սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը, նրա ինքնուրույնության, ինքնաբուխ, անվտանգ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը:

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ըստ կարգի՝ կրթահամալիրի, լաբորատորիայի, դասարանական ուսումնական օրացույցներով, որոնցով որոշվում են ուսումնական նախագծերը, ստուգատեսները, ծեսերը, տոները: Դասվարի բլոգըմեդիագրադարանը, «Պարտեզ», «Բզեզ» ուսումնական կայքերն ապահովում են անհրաժեշտ ուսումնական նյութերով, միջոցներով: Լաբորատորիայի, դասվարի բլոգները, դպրոցների ենթակայքերը, կրթահամալիրի կայքը  հասանելի են դարձնում սովորողի ուսումնական գործունեության արդյունքները՝ մեդիանյութերը, հաշվետվությունները:

Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի ամբողջական ներառումը: Սովորողի ուսուցումը կազմակերպվում է նաև տանը ընտանեկան ամենամսյա ֆլեշմոբների միջոցով, նախագծային ուսուցմամբ։

Մեդիան՝ իր գործիքներով (նոթբուք-նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով, ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները: Դասարանական ռադիո և TV նախագծերը սովորողների խոսքի զարգացումն ապահովող, ինքնարտահայտվելու ցանկությունը խթանող ձևերից են:

Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն են։ Խրախուսվում են սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրում ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։ Ուսումնական տարվա ընթացքում, ըստ կարգի, կազմակերպվում է կլոր սեղաններ, համերգ-ներկայացումներ, ցուցահանդեսներ, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ, ֆլեշմոբեր։

Գնահատումն իրականացվում է ինքնաստուգումներով, սովորողի անհատական (գործունեության) զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝

  • Սեպտեմբեր-դեկտեմբեր
  • Հունվար
  • Փետրվար-մայիս
  • Հունիս

Ըստ ուսումնական չորս շրջանների՝ յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։

Երրորդ դասարանից սկսած սովորողներն ունեն իրենց անձնական մեդիատարածքները՝ ուսումնական բլոգները, որտեղ ցուցադրված են սովորողների ամենօրյա աշխատանքները, որոնցում արտացոլվում են նրանց խոսքային, ստեղծական հմտություններն ու կարողությունները, առարկայական գիտելիքները, ընտրությամբ գործունեությունը, նախասիրություններն ու ճաշակը, լրացուցիչ կրթությունը, ինքնակրթությունը։ Բլոգում պարզ երևում է նաև սովորողի զարգացման ընթացքը։ Բլոգների ամենօրյա այցելուներն են սովորողների ընկերները, ծնողներն ու դասավանդողները։

Բլոգային աշխատանքները գնահատվում են նաև կարծիքներ բաժնում մեկնաբանություններ թողնելով, դասարանում աշխատանքների քննարկումով, լավագույն աշխատանքների թողարկումով՝ենթակայքերում, mskh.am կրթահամալիրի կայքում։

Առաջին, երկրորդ դասարանների ավարտին սովորողների գնահատումն իրականացվում է նաև «Ես կարողանում եմ» նախագծի միջոցով։ Նախագիծն ուղղված է սովորողների կարողությունների ցուցադրմանը, որը ներկայացվում է տեսաֆիլմերի, ռադիոնյութերի ձևով։

Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

Անհատական բլոգներում սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները բոլոր առարկաներից, ներկայացնում տարեկան հաշվետվություն։ Ներքին բլոգային  ուսումնասիրության արդյունքում գնահատվում են սովորողների տարեկան աշխատանքներն  ու արդյունքները։

Յուրաքանչյուր տարվա ուսուցման և զարգացման արդյունքներով սովորողը տեղափոխվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի հաջորդ տարի։ Ծրագրի ցանկացած փուլում այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելիս սովորողին տրվում է ուսումնառության գնահատման տեղեկանք:

Ձևավորող գնահատման գործիքները, հնարները «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրում

Ձևավորող գնահատումն օգնում է ուսուցչին ընթացիկ արդյունքների հիման վրա նախանշել իր և սովորողների քայլերը: Ուսուցչի քայլերի ճշգրտումը և զարգացնող առաջադրանքների կիրառումը օգնում են բարելավել սովորողների ձեռքբերումները:

Դասի յուրաքանչյուր փուլում ուսուցիչը ժամանակ առ ժամանակ հարցերի, դիտարկումների միջոցով պետք է ստուգի, թե արդյոք սովորողները չեն շեղվել նախատեսված նպատակներին տանող ուղուց:

Ձևավորող գնահատում իրականացնելիս անհրաժեշտ է վերհանել սովորողների կարիքները.

  • Յուրացրե՞լ են թեման, թե՞ ոչ:
  • Կարելի՞ է արդյոք անցնել մյուս բաժինն ուսումնասիրելուն:
  • Ո՞վ ունի լրացուցիչ օգնության կարիք:
  • Ի՞նչը պետք է փոխել կամ վերանայել։

Ձևավորող գնահատման գործիքները տարբեր են, և յուրաքանչյուր դասավանդող ընտրում է իրեն և իր դասարանին առավել հարմարը: Կարևորն այն է, որ ձևավորող գնահատումը բարձրացնի յուրաքանչյուր սովորողի՝ իր իսկ ձեռքբերումների, առաջընթացի գիտակցումը, իսկ դասավանդողին հնարավորություն տա ժամանակին փոխելու ուսուցման ընթացքը, հասկանալու սովորողների կարիքները` ամփոփիչ գնահատմանը ավելի պատրաստ դարձնելու համար:

Հեղինակային մանկավարժության մեջ կիրառվող ձևավորող գնահատման ձևերը բազմազան են։ Ստորև ներկայացնեմ մի քանի գործիքներ և հնարներ, որոնք կիրառում եմ ուսումնական գործունեության ընթացքը վերահսկելու՝ անհրաժեշտ ճշգրտումներ անելու, առաջադրանքները հնարավորինս հասկանալի դարձնելու համար։ Այս հնարները լավ միջոց են նաև սովորողների ինքնուրույն աշխատանքը խթանելու, ինչպես նաև ինքնագնահատում և փոխադարձ գնահատում կազմակերպելու համար։

  • Ոգևորող բառեր, արտահայտություններ
  • Տեսանյութեր, ձայնանյութեր, ֆոտոպատումներ
  • Դասարանական բլոգի անհատական էջ, անհատական բլոգ
  • Խմբային քննարկումներ, բանավեճեր
  • Հաշվետվություններ (ճամփորդապատում, ուսուցման շրջանի, տարվա ամփոփում)
  • Զարգացման բնութագիր

«Վերահսկում»

Աշխատանք կատարելու ընթացքում հերթով մոտենում եմ սովորողներին, հետևում, հարցեր տալիս աշխատանքի ընթացքը հասկանալու համար, անհրաժեշտության դեպքում ուղղորդում։ Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է այն աշխատանքը, ինչը ինքը մինչ այդ պահը կատարել է։ Պարզ է դառնում, թե սովորողները որքանով են հասկացել հանձնարարությունը կամ դրա կատարման ընթացքը։ Նույն տարբերակով հետևում եմ նաև զույգերով կամ խմբերով աշխատելու դեպքում։ Այս մեթոդը շատ կարևոր է, քանի որ փորձը ցույց է տվել, որ սովորողների մեծ մասը առաջադրանքը կատարելիս դժվարություններ է ունենում ոչ թե այն պատճառով, որ թեման չգիտի, այլ չի հասկանում առաջադրանքի պահանջը։

«Հարցում»

Առցանց հարթակների օգնությամբ ձևաթուղթ եմ ստեղծում, որտեղ ներառված են հետևյալ հարցեր։

  • Ի՞նչ նոր բան իմացա։
  • Ո՞ր տեղեկությունն էր ավելի հետաքրքիր։
  • Ի՞նչն էր դժվար։
  • Ի՞նչը խանգարեց աշխատանքին և ինչո՞ւ։

Ուսումնասիրելով պատասխանները, համապատասխան եզրահանգումներ եմ անում։ Այս մեթոդն հիմնականում կիրառում եմ 2-3-րդ դասարաններում։

«Ստեղծագործական աշխատանք»

Ստեղծագործական աշխատանքից, կամ ինչպես սիրում են սովորողներն անվանել «Հորինուկ»-ից, հետո յուրաքանչյուր սովորող ընթերցում է իր աշխատանքը։ Դասընկերները, ուշադիր լսելուց հետո, փորձում են շեշտել ստեղծագործական աշխատանքի 1 լավ կողմ և 1 առաջարկ են անում։ Ներկայացնողն համբերատար լսում է ընկերների կարծիքներն ու խորհուրդները, վերջնական լրացումներն անելով՝ ամբողջացնում աշխատանքը։

«Արտաքին և ներքին շրջաններ»

Սովորողները կազմում են 2 շրջան՝ արտաքին և և ներքին, այնուհետև  կանգնում են դեմ — դիմաց և ուսումնասիրվող թեմայից միմյանց հարցեր են ուղղում։ Հարցերի պատասխանը ստանալուց հետո արտաքին շրջանի սովորողները տեղափոխվում են ժամսլաքի ուղղությամբ, կազմում նոր զույգեր և կրկին միմյանց հարցեր ուղղում։

Ընթացքում հետևում եմ, նշում սովորողների թյուրընկալումներն ու դժվարությունները՝  հետագայում դրանց անդրադառնալու և շտկումներ կատարելու համար։

«Մեկնարկ և ամփոփում»

Ուսումնական գործընթացի արդյունավետ սկիզբ և ավարտ ապահովելու նպատակով յուրաքանչյուր դասի սկզբի 5-7 րոպեների ընթացքում փորձում եմ բանավոր հարցման միջոցով վերհիշել անցած թեման, իսկ յուրաքանչյուր թեմայի կամ նախագծի (հաճախ նաև դասի) ամփոփման ընթացքում կիրառում եմ կարճ հարցաշար:

Կրթահամալիրում ուսումնական գործընթացի անհատական գործիքներով կազմակերպումը հնարավորություն է տալիս օգտագործել Microsoft Forms կամ Google Forms հարթակները։ Նշեմ, որ 2020 թվականի հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման ընթացքից ի վեր հիմնականում օգտվում եմ Microsoft Forms հարթակից (առավելություններն ակնհայտ են)։ Նշված հարթակների օգնությամբ հարցաթերթեր կազմելն ու թեմայի ավարտին (կամ նախագծի ամփոփման ընթացքում) կիրառելը շատ արդյունավետ է։ Հարթակի հնարավորություններն օգնում են հստակեցնել թեմայի յուրացման ամբողջական պատկերը: Կից պատկերում ներկայացված է 3-րդ դասարանում իրականացված «Տիեզերք» ուսումնական նախագծի ամփոփման ընթացքում կիրառված հարցաշարի վերլուծությունը։

Գրանցված արդյունքները փաստում են, որ հարցմանը մասնակցած 29 սովորողների 93 տոկոսը թեման յուրացրել է։ Ինչը կարծում եմ վատ ցուցանիշ չէ։

«Ամենամսյա ֆլեշմոբեր»

Կրթահամալիրում ֆլեշմոբերը կազմակերպվում են ամեն ամիս։ Համապատասխան օրացույցի՝ կազմվում և հրապարակվում են ֆլեշմոբերի առաջադրանքները։ Առաջադրանքները կազմվում են ըստ մակարդակների։ Յուրաքանչյուր մակարդակ համապատասխանում է կոնկրետ տարիքային խմբի։

Սովորողները ֆլեշմոբերին մասնակցում են տանը՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ։ Ֆլեշմոբի ավարտից հետո կազմակերպվում են նաև դասարանական քննարկումներ։ Ստուգված առաջադրանքները հրապարակվում են դասարանական բլոգի համապատասխան բաժնում։
Սովորողներն իրենց համակարգիչներով մուտք են գործում տվյալ բաժին, բացում տվյալ ամսվա, տվյալ առարկայի ստուգված ֆայլը, գտնում իրենց անունը։ Հրապարակմանը կից՝ գտնում են նաև ֆլեշմոբի առաջադրանքները։
Սկսում ենք քննարկումը՝ դիտարկելով սովորողների մասնակցությունը, ճիշտ-սխալ պատասխանները։ Հատկապես մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրների դեպքում կազմակերպվում է խնդիրների լուծում՝ առօրյա պայմաններից ելնելով։ Հաճախ փոփոխում ենք խնդիրները՝ հարմարեցնելով մեզ․ նմանատիպ խնդիրներ ենք ստեղծում այլն։
Մայրենիի ֆլեշմոբի ստուգման ընթացքը տարբերվում է մաթեմատիկայի ստուգման ընթացքից։ Եթե մաթեմատիկայի դեպքում առաջադրանքը պահանջում է կոնկրետ լուծում, ապա մայրենիի առաջադրանքները, մեծ մասամբ, ունեն ստեղծագործական բնույթ, և հստակ որոշել ճիշտն ու սխալը հնարավոր չէ։ Հատկապես հորինուկների դեպքում դիտարկումները կրում են տեխնիկական բնույթ՝ ուղղագրական, կետադրական, բառի ճիշտ կամ սխալ ընտրություն և այլն։
Այս պարագայում դասարանն է որոշում «ճիշտն ու սխալը»։ Քանի որ սովորողները նույն տարիքի են, որքան էլ տարբեր, ընդհանրությունները բավականին շատ են։ Դասարանում կարդում ենք հորինուկը կամ ստեղծագործական որևէ այլ առաջադրանքի լուծում։ Դասավանդողը կատարում է լեզվական ուղղումներ,սովորողներն արձագանքում են ստեղծագործական տեսանկյունից՝ հետաքրքիր էր, թե ոչ, ինչը կփոխեին, ինչ կավելացնեին։ Տվյալ առաջադրանքը կատարած սովորողին ոգևորում է դասընկերների արձագանքը։

Հետաքրքիր է լսել սովորողների արձագանքն այն մասին, թե ինչպես, ում հետ են մասնակցել ֆլեշմոբերին, ինչպես են արձագանքում իրենց կատարած սխալներին, փորձում վերլուծել և այլն։

Ըստ այդմ՝ յուրաքանչյուր ամսվա ընթացքում դիտարկում ենք մեր առաջընթացը, լուծելու արագությունը և այլն։
Պետք է փաստեմ, որ բավականին հետաքրքիր է ստացվում։ Սովորողներն իրենք ոգևորվում են՝ իրենց մասնակցության առաջընթացը տեսնելով։ Իսկ այն սովորողներն ովքեր չեն մասնակցել հաջորդ ամիս անպայման լրացնում եմ բացը։

Հետազոտական մաս

Աշխատանքի հետազոտական մասն ապահովելու նպատակով հարցում եմ իրականացրել է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի դասվարների հետ:

Հարցմանը մասնակցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 20 դասվար:

Ստորև ներկայացնում եմ առանձին հարցերի պատասխանների վերլուծությունը:

1․ Գնահատման ո՞ր ձևն եք հիմնականում կիրառում:

Screenshot_2022-10-24-18-15-24-640-edit_com.android.chrome

Հարցմանը մասնակցած դասվարների՝ գնահատման ձևերի կիրառմանը վերաբերող հարցի պատասխանների բաշխումը երևում է գծապատկերում:

2․ Գնահատման կիրառվող ձևերն ու չափանիշները հնարավորություն ընձեռու՞մ են  լիարժեք չափելու սովորողի ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

Screenshot_2022-10-24-18-15-44-821-edit_com.android.chrome

Դասվարների ընդամենը 20 %-ն է կարծում, որ գնահատման կիրառվող ձևերն ու չափանիշները հնարավորություն ընձեռում են լիարժեք չափելու սովորողի ձեռքբերումները, 75 %-ը կարծում է, որ մասամբ, իսկ 5 %-ը՝ ոչ։

3 Որքանո՞վ արդյունավետ եք համարում ձևավորող գնահատման Ձեր կիրառած գործիքները:

Screenshot_2022-10-24-18-15-59-386-edit_com.android.chrome

Ձևավորող գնահատման գործիքների կիրառման արդյունավետությանը վերաբերող հարցին դասվարների մեծ մասը դրական արձագանք է տվել։ Հարցմանը մասնակցած դասվարների 75 %-ը կիրառած գործիքները համարում է արդյունավետ, 25%-ը՝ ոչ այնքան արդյունավետ։

4 Գործող գնահատումը թույլ տալի՞ս է բացահայտել սովորողների ուժեղ և թույլ կողմերը։

Screenshot_2022-10-24-18-16-13-394-edit_com.android.chrome

Հարցմանը մասնակցած դասվարների 80 %-ը կարծում է, այո, իսկ 20 %-ը՝ ոչ։

5 Ու՞մ եք մասնակից դարձնում գնահատման գործընթացին (կարող եք նշել 1-ից ավել պատասխան):

Screenshot_2022-10-24-18-16-26-344-edit_com.android.chrome

Առաջարկություն.

  • Կարիք կա պլանավորելու և անցկացնելու սեմինարներ ձևավորող գնահատման գործիքների արդյունավետ կիրառում թեմայով։

 Եզրակացություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի կատարած ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական աշխատանքի գնահատման կարգի։ Ըստ այս կարգի` «խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով»:

Ասել է թե՝ սովորողը գնահատվում է ոչ թե մեխանիկական հիշողությամբ ամրագրածի, այլ կատարած ուսումնական գործունեության համար։ Իսկ, որպեսզի այդ գործունեությունը որոշակի ժամանակահատվածի համար հնարավորինս տեսանելի և չափելի դառնա, հարկ է, որ սովորողը խրախուսվի և գնահատվի: Գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար:

Գործունեության գնահատման այս համակարգը, ըստ էության, ուղղված է սովորողի ինքնագնահատման, ստեղծագործական մտածողություն, սովորելու, սովորեցնելու, համագործակցելու, որոշումներ կայացնելու կարողությունների զարգացմանը։

Մեր ժամանակներում գիտելիքն ավելին է, քան սոսկ տեղեկատվությունը: Եվ որքան այն իրական-շոշափելի-կիրառվող է այսօր, այնքան ավելի հավանական է դրա գործածությունը հետագայում:

Օգտագործված ռեսուրսներ

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s